«Մենք դիմելու ենք համապատասխան իրավական գնահատականի պահանջով եւ դատի ենք տալու Վերահսկողական ծառայության եւ նրա ղեկավարի հայտարարություններից բխող հետեւանքների պատճառով մեզ հասցված վնասները փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- դեկտեմբերի 28-ի ուշ երեկոյան հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե ԵՊՀ-ում ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են 800 միլիոն դրամի չարաշահումներ։
Արամ Սիմոնյանը սկսեց խնդրի նախապատմությունից, ասաց՝ «արդեն 5 ամիս է, այսինքն՝ այս տարվա հուլիսի 30-ից Վերահսկողական ծառայությունն իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ», ապա ներկայացրեց հանձնարագրեր այդ ստուգումների ժամկետները մինչեւ հունվարի 31-ը երկարաձգելու վերաբերյալ․ ընդհանուր նախատեսվել են 6 ամսվա ստուգումներ, մինչդեռ, Արամ Սիմոնյանի խոսքով, ստուգումների ժամկետները սահմանափակ են, հետեւաբար խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը։
Վերահսկողական ծառայությունը, ըստ նրա, թույլ է տվել կոպիտ խախտում, քանի որ ստուգումները դեռ չավարտված՝ ծառայության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ եւ «բացարձակ չհիմնավորված՝ խոսել 800 միլիոն դրամի չարաշահումների մասին»։
Ռեկտորը ընթերցեց Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի դրույթ, ըստ որի՝ առանց համապատասխան թույլտվության՝ ձեռք բերված տեղեկությունները չպետք է հրապարակվեն՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի, ըստ այդմ՝ նշեց, որ «կոպտորեն խախտվել է օրենքի երրորդ կետը», որովհետեւ ըստ նրա՝ ստուգումների ակտը ներկայացնելուց, համալսարանի բացատրությունները ստանալուց հետո միայն կարող էին հրապարակել արդյունքները։
Արամ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այդ ակտը ստացել է այսօր՝ այս տարվա վերջին աշխատանքային օրը, մոտավորապես ժամը 16։00-ին, եւ եթե հիմք ընդունվեն այդ արդյունքերը, ապա դրանց ընդհանուր գումարը, ըստ Սիմոնյանի, 500 միլիոնից մի փոքր է ավելի, մինչդեռ Դավիթ Սանասարյանը հայտարարել է 800 միլիոնի չարաշահումների մասին։
«Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը արդյունքներն ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ․ միայն վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն։ Մինչդեռ այդ պարոնը, որ ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չվերապահված վարչապետի գործառույթներ»,- ասաց նա:
ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ ծառայությունն ընդամենը մտահոգություններ է հայտնել, որոնց գերակշիռ մասը, նրա բնորոշմամբ, «ծիծաղելի, ոչնչով չփաստարկված պնդումներ են, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով արված», ասաց՝ ստուգումների արդյունքների մեծագույն մասի հետ համաձայն չէ, քանի որ «դեկլարատիվ, ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ իրական վիճակի հետ»։
«Մեզ համար պարզ դարձավ, որ գործ ունենք հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները, ասեմ ավելին՝ նույնիսկ օրենքների մասին շատ հեռավոր պատկերացում ունեին»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ համալսարանի աշխատակիցներն են օգնել նրանց՝ հասկանալու, թե ինչպես են կազմակերպվում պետական գնումները։
Նրա խոսքով՝ այդ ամենը արվում է միտումնավոր, վարկաբեկելու ԵՊՀ-ն, նրա ղեկավարությանը, մոլորեցնելու հասարակությանը՝ փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ, բայց դժվարացավ ասել, թե որն է նպատակը, ասաց՝ հավանաբար այն, որ ՀՀԿ անդամ է։ Նա նորից պնդեց, որ Դավիթ Սանասարյանի գործողությունները քաղաքական անփորձության, նաեւ օրենքը չիմանալու հետեւանք են։





























