Հասունացել է պահը, որպեսզի Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` Թուրքիան իր կեցվածքով այս ընթացքում բազմիցս է ապացուցել, որ միեւնույն է` ինքն արձանագրությունները չի վավերացնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը:
«Անցած տարի ապրիլի 22-ին, երբ նախագահը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը, իր հայտարարության մեջ ասաց, որ առայժմ հետ չեն վերցնում սոտրագրությունը: Այդ «առայժմը» պարզ է, որ ինչ-որ ժամկետ պիտի ունենա, կարծում եմ` այդ ժամկետը մոտեցել է: Դա ենթադրություն է, բայց, հաշվի առնելով այն բոլոր հայտարարությունները, որ նախագահը վերջին շաբաթներին, ամիսներին կատարեց` հատկապես Կիպրոսում, պիտի եզրակացնել, որ նախագահի մտքում այդ «առայժմի» ժամկետն էլ ավարտվել է կամ ավարտվում է, կամ շուտով կավարտվի»,- հայտարարեց Մանոյանը:
Նա նաեւ նշեց, որ Թուրքիան փորձում է ամեն գնով հասնել նրան, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժգանան եւ այն չկարողանա դուրս գալ հայ-թուրքական գործընթացից:





























