Շաքարավազը Հայաստանում պետք է թանկանար դեռեւս 2010թ., սակայն դա տեղի չունեցավ ներկրողների «բարի կամքի» շնորհիվ: Այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ներմուծված շաքարավազի 1 կգ-ի ինվոյսային գինը հասել էր 240 դրամի։ Հաշվի առնելով մաքսազերծման արժեքն ու մյուս ծախսերը՝ շաքարավազը շուկայում պետք է վաճառվեր 340 դրամով, սակայն վաճառվել է 305-ով։ «Դա գուցեեւ բարի կամքի դրսեւորում էր, բայց այդ ռեժիմը երկար շարունակվել չէր կարող»,- ասաց Գ. Մակարյանը։ Նրա համոզմամբ՝ եթե շաքարավազը միջազգային շուկայում կրկին թանկանա, ապա Հայաստանում նույնպես թանկացումը անխուսափելի կլինի։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տարածած հաղորդագրությունում նշել է, որ պարբերական մոնիթորինգի միջոցով հետեւում է շաքարավազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, եւ եթե լինեն չարաշահումներ եւ գնային սպեկուլյացիաներ, Հանձնաժողովը օրինախախտների նկատմամբ կկիրառի պատասխանատվության խիստ միջոցներ։

Շաքարավազի շուկայի 99 տոկոսը վերահսկում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։