Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ փետրվարի 22-ի իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ դեսպան, հայազգի Ժան-Միշել Ուղուրլյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ լինելով Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել եւ զարգացնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերը:

«Ուրախալի է եւ ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է´լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաեւ, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության  բարձրացմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը`բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը: