Ղարաբաղի խնդրի շուրջ շահերի նոր փուլ է ուրվագծվում, որը մասամբ պայմանավորված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպմանն ու ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը պոտենցիալ պայթյունի աղբյուր է:

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրականում Աստանայի հանդիպումից հետո ԼՂ խնդրի շուրջ նոր գործընթացներ տեղի չեն ունենում: «Ներկայումս Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելով փորձ է արվում վերակենդանացնել դիվանագիտական գործընթացը եւ եթե դա հաջողվի, հնարավոր է, լարվածությունը հակամարտության գոտում որոշ չափով թուլանա»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին ժամանակներս միջազգային փորձագետների ու պաշտոնյաների կողմից հնչող գնահատականներին, թե ԼՂ խնդիրը պայթյունավտանգ է դառնում, նա նշեց, որ դա արվում է կողմերի վրա ճնշում գործադրելու նպատակով: