Հարուստը պետք է շատ հարկվի, շատ եկամուտ ունեցողը բյուջեին պետք է ավելի շատ փող տա։ Այս տեսակետի հեղինակը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանն է։ Նրա կարծիքով՝ դա արդարացի մոտեցում է, քանի որ պետությունը սոցիալական խնդիրներ ունի, իսկ հարուստները արտակարգ իրավիճակներում ավելի շատ բան են կորցնում, քան աղքատները։

Նկատենք, որ աշխարհի շատ երկրներում կիրարկվում է «հարստության հարկ», սակայն Հայաստանում նման հարկատեսակ գոյություն չունի։ Ընդհակառակը՝ ըստ տարածքային կառավարման նախարարության տվյալների՝ առավել հարուստ հողատերերը ամենաշատն են հարկային ապառք (վճարման ուշացում) կուտակում։

Վ. Այվազյանի տեղեկացմամբ՝ մշակվում է նոր հարկային օրենսգիրք, որն իր մեջ կներառի բոլոր հարկային օրենքները; «Բոլոր ցաքուցրիվ օրենքները հավաքվում են մի փաստաթղթի մեջ, որ տնտեսվարող սուբյեկտները ման չգան, թե որ հարկը որտեղ է»,- ասաց Վ. Այվազյանը։ Առայժմ սակայն պարզ չէ, թե այդ նոր օրենսգիրքը երբ շրջանառության մեջ կդրվի։