Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին ուղղված պատասխան նամակում Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ գեղասահքի դպրոցին վերաբերող հարցերը գտնվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկման փուլում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Նրա խոսքով, նամակով Խաչատրյանին ծանուցվել է, որ քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնեն հավելյալ։
Նշենք, որ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն օրերս նամակ էր գրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով քայլեր ձեռնակել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գեղասահքի միակ դպրոցի վերականգնման ուղղությամբ։ Նա իր նամակում նշել էր, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող գեղասահքի դպրոցում սահադաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի եւ որ դպրոցի սաներն իրենց պարապմունքները ստիպված են անցկացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կամ էլ Կարապի լճի տարածքում ժամանակավորապես գործող սահադաշտերում։




























