Հայ գործարարներն այսօր՝ փետրվարի 22-ին հնարավորություն են ունեցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին ներկայացնել իրենց քննադատությունները տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
Դա տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համատեղ նիստում:
Հայ գործարարների դժգոհությունների մի զգալի հատված վերաբերում էր ներդրումային ապրանքներ ներմուծելու դեպքում ավելացված արժեքի հարկի տարկետմանը։ Գործարարների մի մասն այն կարծիքին էր, որ սահմանված 300 մլն դրամի շեմը թույլ չի տալիս այդ արտոնությունից օգտվել փոքր եւ միջին բիզնեսին։ Սակայն անգամ շեմը գերազանցելու դեպքում ի հայտ են գալիս խնդիրներ։ Այսպես՝ գործարար պատգամավոր Արեգ Ղուկասյանն ասաց, որ շատ հաճախ հոսքագծերը ներմուծում են մի քանի կոնտեյներով, սակայն մաքսային մարմինները դրանցից յուրաքանչյուրի համար առանձին մաքսազերծում են իրականացնում։ «Այս արտոնությունը որեւէ կերպ չի խթանում ներդրումային քաղաքականությանը»,- հայտարարեց Ա. Ղուկասյանը։
Ի պատասխան էկոնոմիկայի նախարարն ասաց, որ արտոնություն ստանալու համար անհրաժեշտ է բոլոր ներդրումային ապրանքների առանձին ցուցակ կազմել։





























