Հայաստանից արտահանումը խրախուսելու ուղիների շուրջ այսօր՝ փետրվարի 22-ին թեժ բանավեճ է տեղի ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համատեղ նիստում:
«Կերամիկա» ընկերության տնօրեն Նորայր Խաչատրյանը հայտարարեց, որ հայ գործարարները գտնվում են ավելի վատ վիճակում, քան մյուս երկրներում. պատճառը տրանսպորտային հավելյալ ծախսերն են։ Նրան աջակցեցին մյուս գործարարները, նշելով որ Հայաստան առաքվող կամ Հայաստանից արտահանվող բեռների 1 տոննայի համար ստիպված են լրացուցիչ 350 դոլար ծախսել; Այդ պարագայում, նրանց կարծիքով, հայկական արտահանումը դառնում է անմրցունակ։
Այս եզրահանգմանը կտրականապես դեմ հանդես եկավ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որն, ի դեպ, բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության ղեկավարն է։ Ա. Ղազարյանի խոսքով՝ տրանսպորտային սակագները ավելի շուտ ներքին խնդիրներ են, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ներսում ավելի բարձր սակագին է սահմանել, քան Փոթիից մինչեւ Այրում է։
Գործարարների հիմնական առաջարկն այն է, որ տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար կառավարությունը շահութահարկի արտոնություն տրամադրի արտահանողներին։ Այս առաջարկին Ա. Ղազարյանի արձագանքը բավական հետաքրքիր էր։ «Այդպես կդառնանք պրիզովի երկիր։ Մի հատ հարկատուների ցուցակը նայեք՝ խոշոր ընկերություններից ո՞ր մեկն է նորմալ շահութահարկ վճարում»,- անկեղծորեն խոստովանեց Ա. Ղազարյանը։
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայկական բիզնեսի դժվարություններն ավելի շատ կապված են բանկերի հետ։ «Բիզնեսը վերազինվելու փող չունի, բանկերից հնարավոր չէ վարկ ստանալ։ Պետությունը պետք է գնա երաշխիքներ տրամադրելու ճանապարհով՝ գոնե կարողանանք նպատակային ծրագրերը ֆինանսավորենք։ Պետք է այնպես անել, որ բիզնեսին տրվող վարկերի տոկոսը 7-ից բարձր չլինի»,- ասաց Ա. Ղազարյանը։





























