Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի տնօրենը Գերմանիային կոչ է անում վերադարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից գողացված հոլանդական գլուխգործոցը՝ տեղեկացնում է AP-ն։
Այկե Շմիդտի խոսքով՝ հոլանդացի նկարիչ Յան Վան Խեյսումի «Ծաղիկներով ծաղկաման» նատյուրմորտը գտնվում է գերմանացի ընտանիքում, որը չի վերադարձնում այն՝ չնայած բազմաթիվ դիմումներին։ Դրա փոխարեն ընտանիքի միջնորդները փոխհատուցում են պահանջել Իտալիա նկարը վերադարձնելու համար։
Շմիդտը ասել է, թե «նկարն արդեն իսկ իտալական պետության անբաժանելի մասն է եւ չի կարող գնվել»։
Նկարը 1824 թվականից մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը եղել է Ֆլորենցիայում Պիտտի առանձնատան հավաքածուում եւ գողացվել է գերմանացի նահանջող զինվորականների կողմից։





























