Հայաստանի Շիրակի եւ Լոռու մարզերի զարգացման ծրագրերի կատարման ընթացքն է այսօր՝ փետրվարի 22-ին քննարկվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարաններում անցկացված խորհրդակցություններում:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Շիրակի եւ Լոռու մարզերի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ներկայացվեցին նշված ժամանակահատվածում մարզերում տարբեր ոլորտներում իրականացվելիք աշխատանքները:
Փոխվարչապետը ծրագրերը մոնիթորինգի մեթոդաբանության կիրառման տեսանկյունից ոչ լիարժեք է համարել` նկատելով, որ դրանցում արտացոլված չէ նաեւ համայնքների եւ մասնավոր հատվածի կողմից իրականացվելիք ներդրումների ամբողջ ծավալը: Նա Շիրակի եւ Լոռու մարզպետներին հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խմբեր` ՏԿ նախարարության հետ ընդհանուր փաստաթղթերը եւ 2011 թ. աշխատանքային պլանները լրամշակելու, ինչպես նաեւ մոնիթորիգի կիրառման մեխանիզմները նույնականացնելու համար:
Անդրադարձ է եղել նաեւ հողերի վարձակալության խնդրին: Փոխվարչապետը նկատել է, որ անցած տարի ընդունված իրավական ակտերով առավել հեշտացվել է մասնավորապես արոտները վարձակալության հանձնելու գործընթացը, եւ համայնքապետերը կարող են շահագրգռել գյուղացիական տնտեսություններին` ավելացնելու վարձակալվող հողերի ծավալները: Դա նաեւ լրացուցիչ մուտքեր կապահովի համայնքային բյուջե:





























