ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հեռուստաելույթով, որում հնչել է Լիբիայում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը:

ԱՄՆ նախագահը բնակիչների զանգվածային սպանության փաստը համարել է «վրդովեցուցիչ» եւ «անընդունելի»: Նա ընդգծել է, որ խաղաղ բնակչության գնադակոծումը եւ լիբիացիների նկատմամբ կիրառվող պատիժները խախտում են միջազգային նորմերը:

Բ. Օբաման կոչ է արել ազգին միավորվել եւ միասին հանդես գալ բռնության դեմ: Միաժամանակ Օբաման չի նշել կոնկրետ պատժամիջոցներ, որոնք պետք է կիրառվեն Լիբիայի իշխանությունների նկատմամբ:  Նա միայն տեղեկացրել է, որ իր խորհրդականները հետեւում են իրավիճակին, ինչպես նաեւ նշել է բռնությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու «բազմաթիվ միջոցների մասին»` չհստակեցնելով, թե ինչ միջոցներ են դրանք:

Ուշագրավ է, որ իր ելույթում Օբաման ոչ մի անգամ չի հիշատակել Լիբիայի առաջնորդ Քադաֆիի անունը: Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվելու է Լիբիայում իրավիճակի հարցը:

Նշենք, որ ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչները Քադաֆիին մեղադրել են ցեղասպանության մեջ: