Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության ընդունելությունների սրահում փետրվարի 22-ին տեղի է ունեցել միջոցառում` նվիրված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փըլոնի գործունեության 15-ամյա տարելիցին: Նրան է հանձնվել Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մարգարյանն իր ողջույնի ելույթում, մասնավորապես, նշել է, որ ՀՀ նախագահի կողմից շնորհված բարձր պարգեւը կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի 15-ամյա անձնվեր աշխատանքի գնահատանքի արտահայտությունն է` ի շահ հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՄՆ Կոնգրեսում հետեւողական հայանպաստ գործունեության եւ հայ ժողովրդի խնդիրները միջազգային հանրությանն անաչառ ներկայացնելու: Այս բարձր շքանշանը արտահայտում է նաեւ ամերիկահայության վերաբերմունքը` հանդեպ կոնգրեսականի եւ  նրա 15-ամյա վաստակի:

Այնուհետեւ կոնգրեսական Փըլոնին ողջունել են եւ շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՄՆ-ում ԼՂ ներկայացուցիչը, ԱՄՆ Հայ Դատի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենները:

Վերջում հանդես է եկավ կոնգրեսական Փըլոնը եւ երախտագիտության խոսքն ուղղել  ՀՀ նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար: Կոնգրեսականը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, ինչպես նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին դրվատանքի խոսքերի եւ տարիների սերտ համագործակցության համար: Նա հայտարարել է, որ առաջիկայում նույնպես ինքը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանին, ԼՂ-ին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում հաջողության հասնելու համար: