Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս համալսարանի քիմիական լաբորատորիան հիմնավորապես մաքրելու ժամանակ գտնվել է Մենդելեեւի պարբերական աղյուսակի տպագիր օրինակը, որը համարվում է ամենահինն աշխարհում՝ հայտնում է BBC-ն։

Ուսանողների համար ձեռնակը, որը կազմված է գերմաներենով, տպագրվել է 1875-1888թթ․ Վիեննայում աշխատող գիտական տպարանում։

Այն ժամանակ ոչ բոլոր քիմիական տարրերն էին հայտնաբերված, աղյուսակում քիչ չեն ազատ տեղերը։ Օրինակ, աչքի է զարնում երկրորդ տարրի՝ հելիումի բացակայությունը (այն հայտնաբերվել է 1895թ․)։

Աղյուսակում քիմիական տարրերը նույնիսկ համարակալված չեն, թեեւ այսօրվա դրությամբ ատոմի համարը այն հիմնական բնութագրերից է, որով որոշվում է միջուկի մեջ պրոտոնների թիվը եւ դրա լիցքը։

Ռուս քիմիկոս Մենդելեեւն իր պարբերական աղյուսակն առաջին անգամ ներկայացրել է 1869թ․։