Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի հարաբերությունների հետագա առաջընթացն անհնար է, քանի դեռ «չի լուծվել» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հարցը։ Այս մասին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է շաբաթ օրը, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։

Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Հարավային Կարոլինա նահանգի սենատորը հատուկ ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի պատժիչ քաղաքականությունը թագավորության հպատակների հանդեպ, որոնք հանցակից են լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությանը։

Washington Post թերթի՝ ԱՄՆ-ում ապրող 59-ամյա մեկնաբան Ջամալ Հաշագջին 2008թ. հոկտեմբերի 2-ին անհետացավ այն բանից հետո, երբ մտավ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանություն՝ Թուրքիայի քաղաքացուհու հետ ամուսնությունը ձեւակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու նպատակով։

Հոկտեմբերի 19-ին Էր Ռիյադը ընդունեց լրագրողի սպանությունը, բայց հերքում է դրան թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հանցակցությունը։ Թագավորության գլխավոր դատախազության վարկածով՝ Սաուդյան Արաբիայի դեսպանատանը տեղի է ունեցել «կռիվ», որն արդյունքում հանգեցրել է Հաշագջիի մահվանը։ Մարմնի մասերը դեռ չեն հայտնաբերվել։

Նոյեմբերին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ մտցրեց Սաուդյան Արաբիայի իշխանությունների ներկա եւ անցյալ ներկայացուցիչների դեմ, որոնք կասկածվում են լրագրողի սպանությանը հանցակցության մեջ։ Այդ նույն ամսին Գերմանիան եւ Ֆրանսիան վիզային ռեժիմի արգելքներ մտցրին թագավորության 18 հպատակի հանդեպ, որոնք կասկածվում են հանցանքին մասնակցության մեջ։