Շոտլանդիայի հյուսիս-արեւելքում՝ Ալֆորդ քաղաքից քիչ հեռու, հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ քարե շրջան:

Մեկ պառկած քարով քարե շրջանները, որոնք հանդիպում են միայն Շոտլանդիայում եւ Իռլանդիայում, հիմնականում բավականին լավ ուսումնասիրված են  հնագետների կողմից, հայտնում է BBC-ն:

Սակայն հենց սա հատուկ հետաքրքրություն է առաջացրել: Առաջին հերթին այն պատճառով, որ այսքան ժամանակ այն վրիպել է գիտնականների ուշադրությունից եւ երկրորդ՝ իր յուրահատուկ կառուցվածքի պատճառով:

Ալֆորդյան շրջանը նկատելիորեն փոքր է, քան այլ նմանատիպ կառույցները. այն պատարստված է փոքր չափի քարերից, բացակայում է մեջտեղում գտնվող մանր քարերից տիպիկ բուրգը եւ շրջակայքի յուրօրինակ եզրաքարերը:

Ճիշտ է, երկու լիովին նման շրջան գոյություն չունի: Հնագետները ոգեւորվել են՝ սկզբում կարծելով, որ շրջանը 3500-4500 տարեկան է եւ սկսել ուսումնասիրել այն:

Սակայն հնագետների հետ կապ է հաստատել ֆերմայի նախկին սեփականատերը, որի հողի վրա գտնվել է յուրօրինակ շրջանը: Նա խոստովանել է, որ զուտ զվարճանքի համար այն անձամբ կառուցել է 90-ականներին: