Պրահայի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել գիշերային քաղաքապետի պաշտոնի եւ գիշերային կյանքի զարգացման հանձնաժողովի ստեղծմանը, գրում է «Եվրոպուլսը»:

Առաջին գիշերային քաղաքապետն արդեն նշանակվել է: Նա Պրահա 1 շրջանի մշակութային կենտրոնի ղեկավար Յան Շտերն է: Հանձնաժողովի կազմում եմ Պրահա 1 շրջանի վարչության եւ ոստիկանության ներկայացուցիչները:

Առաջին հերթին գիշերային քաղաքապետը պաստրաստվում է գիշերային հաստատությունների այցելուների եւ սովորական քաղաքացիների միջեւ վեճերը կարգավորել:

Վերջին տարիներին Պրահան ավելի շատ է նախընտրելի դառնում զբոսաշրջիկների շրջանում, սակայն հանգստացողների խմբերը խանգարում են տեղացի բնակիչներին:

Օրինակ՝ անցյալ տարի Պրահայի որոշ շրջաններում որոշել էին արգելք սահմանել ալկոհոլի օգտագործման վրա, քանի որ հարբած մարդկանց ձայները խանգարում էին տեղացիներին: Գիշերային քաղաքապետն արդեն հայտնել է, որ մշտական վեճերի վայրերում ոստիկանության լրացուցիչ ուժեր կհերթապահեն:

Սակայն գիշերային քաղաքապետի գլխավոր խնդիրը Պրահայի գիշերային կյանքի զարգացման ռազմավարություն մշակելն է, որպեսզի եւ գիշերային ակումբները չխանգարեն բնակիչներին, եւ քաղաքի գիշերային կյանքը շարունակի զարգանալ:

Գիշերային քաղաքապետի առաջին պաշտոնը հայտնվել է 2012-ին Ամստերդամում: Այդ ժամանակվանից քաղաքի գիշերային կյանքի համար պատասխանատու մենեջերներ հայտնվեցին աշխարհի մի քանի տասնյակ քաղաքներում: