Պակիստանի զինված ուժերը «ցամաք-ցամաք» դասի «Նասր» բալիստիկ հրթիռի ուսումնամարտական արձակում են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Պակիստանի Հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը (ISPR), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր Պակիստանը հաջողությամբ իրականացրել է գործողության փոքր շառավղով «ցամաք-ցամաք» դասի «Նասր» բալիստիկ հրթիռի ուսումնամարտական արձակումը՝ ռազմավարական ուժերի հրամանատարության մարտունակության բարձրացման եւ ցանկալի տեխնիկական պարամետրերի վերստուգման համար», - ասվում է ծառայության հաղորդագրությունում:
«Նասրը» կոշտ վառելիքով, օպերատիվ-մարտավարական հրթիռ է, որը կարող է արձակվել շարժական գործարկման սարքերից եւ մոտ 180 կմ շառավիղ ունի: Հրթիռը տարբերվում է խոցման առանձնապես բարձր ճշգրտությամբ: Պակիստանցի զինվորականների տվյալներով՝ նոր սերնդի այս համակարգը հատուկ ստեղծվել է ցանկացած սպառնալիքների արագ արձագանքման համար: «Նասրի» առաջին փորձնական արձակումն իրականացվել է 2011 թվականի ապրիլին:





























