Հայաստանը եւ Վրաստանը կարող են ավելի մեծ տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման մոդելներ դառնալ: «National Interest» կայքի հոդվածում այս նշում են Վրաստանում եւ Հայաստաանում ԵՄ նախկին դեսպան Դենիս Քորբոյը,Ղազախստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին եւ Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յալովիցը:
Դիվանագետների խոսքով՝ երկու երկրները ձգտում են ամրապնդել ժողովրդավարական նվաճումները եւ հաղթահարել աղքատությունը՝ միաժամանակ բարդ խնդիրներ լուծելով՝ սկսած Ռուսաստանից եւ վերջացրած հակամարտություններով:
«Չնայած նրան, որ Արեւմուտքը շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել Ուկրաինայում ռուսական ագրեսիային, նա կարող է նպասատել Հարավային Կովկասի երկու երկրներում դրական իրադարձություններին»,-կարծում են հեղինակները:
Հոդվածում նշվում է, ո Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունը եւ Վրաստանում առաջընթացը հակասում են տարածված կարծիքին, որ ամբողջ աշխարհում «ժողովրդավարությունը պաշարման մեջ է»:
Նրանք շեշտում են, որ քաղաքական գործոնները բացատրում են երկու երկրների տնտեսական թուլությունը: Բացի այդ, Ռուսաստանը կարեւոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: «Մինչեւ հիմա Մոսկվան չի միջամտել՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքի ձեւավորումը թույլ չտալու համար:
Փաշինյանը ջանասիրաբար ընդգծում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կայուն են մնում եւ նրա երկրի տնտեսական կողմնորոշումը շարունակվում է դեպի Եվրասիական տնտեսական միություն մնալ, որը ղեկավարում է Ռուսաստանը: Կրեմլը, սակայն, մտահոգություն է հայտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված գործողությունների կապակցությամբ:
«Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանը Վրաստանի արտաքին քաղաքական ուղիով գնա»,- գրում են հեղինակները, հավելելով, որ Հայաստանը արտաքին քաղաքականությունում հավասարակշռություն է պահում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:
Հեղինակներն ընդգծում են, որ Բաքվում նույնպես հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ բողոքելով բլոգեր Մեհման Հուսեյնովի եւ այլ քաղբանտարկյալների կալանավորման դեմ եւ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդավարական գործընթացներն ազդու՞մ են Ադրբեջանի վրա».
«Հայաստանը եւ Վրաստանը դեռ պետք է մեծ աշխատանք տանեն բարեփոխումների խորացման տեսանկյունից, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը եւ կբարելավեն կենսամակարդակը:
Հետեւելով այս առաջնահերթություններին՝ երկրներն արեւմուտքի կողմից մշտական ուժեղ աջակցության են արժանի: Հայաստանը եւ Վրաստանը կարող են տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման օրինակ լինել, իսկ Հարավային Կովկասը ավելի մեծ նշանակություն է ստանում Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի միջեւ որպես ռազմավարական եւ էներգետիկ խաչմերուկ»,- եզրափակում են հեղինակները:





























