Բրազիլիայում գեյ կոնգրեսականը հայտարարել է, որ աշխատանքից հեռանում է եւ երկիրը լքում հարաճուն սպառնալիքների ֆոնին:
Ժան Ուիլիսը, որը երկրում առաջին բացահայտ գեյ կոնգրեսականն է, «Ֆոլյա դե Սան Պաուլու» պարբերականին ասել է, որ Բրազիլիայից հեռացել է եւ պատրաստվում է աշխատել ակադեմիական շրջանակներում՝ չնախատեսելով տուն վերադառնալ:
«Մենք շատ բան ենք արել ընդհանուր բարօրության համար: Եվ շատ ավելին կանենք, երբ նոր դարաշրջանը սկսվի»,- նշել է նա «Թվիթերում»:
Ուիլիսը, որը անցյալ տարվա հոկտեմբերին երրորդ ժամկետով խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել, բազմաթիվ սպառնալիքներ է ստանում, բայց դրանք զգալիորեն ավելացել էին անցյալ տարվա մարտին Ուիլիսի մտերիմ ընկերուհու՝ Մարիել Ֆրանկոյի սպանությունից հետո, որը Ռիո դե Ժանեյրոյի խորհրդի անդամ էր:
Կոնգրեսականի ներկայացուցիչը Thomson Reuters-ին հայտնել է, որ ինքը անվտանգության նկատառումներով հարցազրույց չի տա եւ չի բացահայտի նրա գտնվելու վայրը:




























