Վերջին չորս տարիները աշխարհում ամենաշոգն էին, իսկ 2018-ը դիտարկումների պատմության մեջ չորրորդ ամենաշոգ տարին է դարձել: Այս մասին են վկայում ամերիկյան Berkeley Earth հետազոտական խմբի տվյալները, հայտնում է AFP-ն:

2018-ին օդի ջերմաստիճանը մոտավորապես 1.16 աստիճանով 19-րդ դարի երկրորդ կեսի՝ 1850-1900-ականների միջին ջերմաստիճանից բարձր է եղել:

«2018-ին համաշխարհային միջին ջերմաստիճանն ավելի սառն  է եղել, քան 2015, 2016 եւ 2017 թվականներին, բայց ավելի տաք, քան մինչեւ 2015 թվականը», - նշվում է հաշվետվությունում:

«Հետեւաբար 2016-ը պատմական դիտարկումների ընթացքում մնում է որպես ամենաշոգ տարի: 2018-ին որոշակի նվազեցումը հավանաբար արտացոլում է կարճաժամկետ  բնական փոփոխելիությունը, սակայն ընդհանուր պատկերը համապատասխանում է գլոբալ տաքացման երկարաժամկետ միտմանը:

ԵՄ-ի Կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունը հունվարի 7-ին հրապարակել էր սեփական տվյալները, որոնցում նույնպես նշվել էր, որ 2015-2018 թվականները դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաշոգն  էին: