Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում կալանավորվել է 364 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է «Վենեսուելական քրեական ֆորում» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն, փոխանցում է ՌԲԿ-ն:

Վենեսուելայում զանգվածային ցույցերի պատճառն էր Գերագույն դատարանի որոշումը Ազգային ասամբլեան (երկրի խորհրդարանը) ոչ սահմանադրական մարմին հայտարարելու մասին: Ժողովրդական ելույթների սկսվելուց հետո 2 օր անց ընդդիմության առաջնորդ եւ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել եւ խոստացել արտահերթ ընտրություններ անցկացնել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդին անվանել էր պետության ոչ սահմանադրական ղեկավար:

Ընդ որում՝ ԱՄՆ-ն, Կանադան, մի շարք եվրոպական երկրներ եւ Լատինական Ամերիկայի երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Մադուրոյի պաշտպանությամբ հանդես են եկել Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Կուբան եւ Բոլիվիան: Ինքը՝ Մադուրոն հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնից հեռանալ մինչեւ 2025 թվականին մանդատի լրանալը: