Ջրասուզակները Պապուա-Նոր Գվինեա կղզու մոտ հայտնաբերել են բեկոր, որը կարող էր պատկանել ամերիկյան գրող եւ ավիացիայի նախագնաց Ամելիա Էրհարթին, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Blue Angel նախագծի ներկայացուցիչ Ջիլ Մայերսը, որի մասնակիցները 13 տարի հետազոտում էին կղզիների շրջակայքը, ասել է, որ ջրասուզակները գտել են ապակու կտոր, որը նման է «Լոքհիդ-Էլեկտրա» ինքնաթիռի վայրէջքային լապտերներին։ Դրանով Էրհարթը 1937թ. ուղեւորվել էր վերջին թռիչքին։

Մայերսն ընդգծել է, որ ինքնաթիռով ճամփորդության համար դրվել են հատուկ մոդիֆիկացիաներ, եւ գտածոն կարող է դրանց մի մասը լինել։

Ջրասուզակ Բիլ Սնեյվլին նշել է, որ ապակին գտնվել է Բուկա կղզու մոտ, որը Էրհարթի երթուղու վրա էր։ Նախագծի մասնակիցները ծրագրում են գարնանը եւս մեկ արշավ կազմակերպել դեպի բեկորի հայտնաբերման վայր։

Ամելիա Էրհարթը կորել է 1937թ. հունիսին շտուրման Ֆրեդերիկ Նունանի հետ շուրջերկրյա թռիչքի ժամանակ՝ հասարակածը հատելիս։ «Լոքհիդ-Էլեկտրան» պետք է կատարեր ամենավտանգավոր թռիչքը ողջ ճամփորդության ընթացքում՝ Նոր Գվինեայից մինչեւ փոքրիկ Հաուլենդ կղզի Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում։ Այնտեղ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կարգադրությամբ կառուցվել էր թռիչքուղի եւ հերթապահում էր «Իթասկա» պահականավը։ Էրհարթը սկսեց չպատասխանել նավի հարցումներին, իսկ նրա ինքնաթիռը այդպես էլ չհասավ Հաուլենդ։

«Լոքհիդ-Էլեկտրայի» անհետացումից հետո ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսեցին ամենածավալուն ու ամենաթանկ որոնողական գործողությունը ամերիկյան նավատորմի ողջ պատմության մեջ, բայց ինքնաթիռն այդպես էլ չհայտնաբերվեց։