Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հնարավոր է, ներկայումս ապրում է Տրիպոլիից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի տարածքում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Սա հսկայական, լավ պահպանվող համալիր է: Այս տարածքում է գտնվում Քադաֆիի աշխատասենյակը: «Այնտեղ գտնվող կահույյքը շատ համեստ է, իսկ միակ զարդարանքը Աֆրիկայի մեծ քարտեզն է: Աշխատասենյակից կարելի է դուրս գալ բակ, ուր երկու ուղտեր կան: Քադաֆին  ամեն օր ուղտի կաթ է խմում»,- նշում է թերթը:

Թերթը հայտնում է, որ բազայի տարածքում, հնարավոր է, ստորգետնյա բունկերների ցանց կա: «Ինքը` Քադաֆին, հագուստի տակից պաշտպանական ժիլետ է կրում: Նրա գլխանոցը շատ պինդ է թվում, քանի որ դրա տակից Լիբիայի առաջնորդը պաշտպանական գլխարկ ունի»,- գրում է թերթը:

Ներկայումս Լիբիայի արեւելքը` Բենգազի քաղաքով, գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ, իսկ արեւելքը` մայրաքաղաք Տրիպոլիով, ղեկավարվում է իշխանությունների կողմից: Տարբեր գնահատականներով, փետրվարի 16-ից երկրում սկսված հուզումների արդյունքում 300-1000 մարդ է զոհվել: