ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 29 –ամյա մի երիտասարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին:  

Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկն ստացած վնասվածքներից մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 8 մարդ՝ 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը,  39-ամյա Արմեն Սահակյանը,  29-ամյա Արթուր Առաքելյանը, 30-ամյա Վարդան Ասատրյանը,  33-ամյա Արման Սիրեկանյանը  եւ ոմն Էդգար, որի ազգանունը դեռեւս պարզվում է:

NEWS.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը եւ Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետեւանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:

Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, իսկ Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ:

Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը:

NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Բալասանյան ընտանիքից, սակայն ապարդյուն, հեռախոսներն անհասանելի էին: