Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություններով հանդես է եկել Ջորջ Մեյսոն Համալսարանի Հակամարտությունների վերլուծության ու կարգավորման ինստիտուտում /Վաշինգտոն/ եւ Նյու Յորքի Համալսարանում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, ԼՂՀ կայացման իրավական ու մարդասիրական ասպեկտներին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, բանակցային գործընթացին, ԼՂՀ-ում եւ ընդհանրապես տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակին:  

«1991թ-ի անկախության հռչակումից առայսօր ԼՂՀ-ն շարունակում է կառուցել կայուն, բաց ու ժողովրդավարական հասարակություն, ստեղծել մի պետություն, որը կարող է պաշտպանել իր բնակչությանը եւ ապահովել համընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` անընդհատ հանդես գալով խնդիրը ուժի միջոցով լուծելու հայտարարություններով»,- նշել է Ռոբերտ Ավետիսյանը:

Հաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր երկրի վճռականությունը` ԼՂՀ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում  Ադրբեջանի ամբողջականությունը, ոչ էլ սպառնում է նրա գոյությանը:

«Ղարաբաղը եւ Ադրբեջանը կարող են լավ հարեւաններ լինել, բայց նրանց համատեղ գոյությունը որպես ընդհանուր քաղաքական-վարչական միավոր անհնար է»,- ասել է Ռոբերտ Ավետիսյանը, նշելով, որ ԼՂՀ-ն բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար, եւ հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն, վերջիվերջո, կառուցողական դիրքորոշում կորդեգրի` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հակամարտության կարգավորման համար:

Միաժամանակ, նա անհրաժեշտ է համարել Արցախի անմիջական մասնակցությամբ բանակցային գործընթացի սկզբնական ձեւաչափի վերականգնումը: