Կառավարող երեք ուժերի՝ Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկրի» միջեւ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրումը նրանց միջեւ հակամարտությանը խորքային բնույթ հաղորդեց եւ միայն ամրացրեց տարաձայնություններն այդ ուժերի միջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Փորձագետի կարծիքով, կառավարող ուժերի միջեւ հակամարտությունը կուժեղանա ընտրական գործընթացների մոտենալուն զուգահեռ, եւ, լիովին հնարավոր է, որ կոալիցիոն նոր հուշագիրը անգամ փորձակում չանցնի ընտրություններով: «Որեւէ նոր փաստաթուղթ չի կարող լուծել արմատական խնդիրները, սա անբնական ամուսնություն է, եւ ամուսնալուծությունը սկսվեց «Ամուսնական պայմանգրի» ստորագրումից հետո»,- ասել է Կիրակոսյանը եւ հավելել, որ այդ անհեթեթ ամուսնության մեջ, բարեբախտաբար, երեխաներ դեռ չեն ծնվել:
Ըստ Կիրակոսյանի՝ փաստաթղթի ստորագրման իրական պատճառները ոչ թե ներքաղաքական են, այլ արտաքին քաղաքական: «Կարեւոր էր այն ստորագրել մինչեւ եռակողմ հանդիպումը, որպեսզի ցույց տան, թե իշխանությունները լիովին վերահսկում են իրավիճակը հանրապետությունում»,- պարզաբանել է փորձագետը:





























