Ստամբուլահայ հայտնի գրող, լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը Թուրքիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը համարվող Իզմիրի Շիրինջե գյուղում գտնվող «Նիշանյանի տները» նվիրաբերել է թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի կողմից ստեղծված «Նեսին» հիմնադրամին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նիշանյանը հայտարարել է, թե ինքը վաղուց էր մտածում նվիրաբերել այդ շինությունները, իսկ վերջին շրջանում Իզմիրի նահանգապետարանի որոշումը՝ քանդել այդ շինությունները, ստիպեցին արագացնել այդ գործընթացը։ «Այդ տները ստեղծվել են մարդկանց հիշեցնելու գեղեցկության ու ազատության մասին։ Դրանք ինձ չեն պատկանում, այլ՝ գյուղին, երկրին ու մարդկությանը։ Մտածեցի, որ դրանք ավելի ապահով կլինեն «Նեսին» հիմնադրամի հոգածության ներքո»,- ասել է նա:
Հիմնադրամի անունից նվիրաբերությունն ընդունող Ալի Նեսինը նշել է, թե իրենց հարստությանը՝ հարստություն եւ գեղեցկությանը՝ գեղեցկություն ավելացվեց։ «Ամեն մի նվիրաբերություն՝ պատասխանատվություն է պարտադրում։ Սեւան Նիշանյանը հայտարարել էր, որ չեն կարող քանդել այս շինությունները։ Մենք կրկին հայտարարում ենք, որ այսպես էլ չեն կարող քանդել»,-ասել է հայտնի թուրք գրողի որդին։
Սեւան Նիշանյանի նվիրաբերած գույքի մեջ են մտնում՝ «Նիշանյանի հյուրանոցը», մեկ պատմական տուն, մեկ բաղնիք, հողակտոր, ագարակ, մի քանի տներ՝ գյուղական կոլորիտով, մեկ աշտարակ եւ Նիշանյանի տունը։ Նիշանյանը շարունակելու է աշխատեցնել «Նիշանյանի հյուրանոցը»:
Նշենք, որ Իզմիրի նահանգապետարանի խորհրդի անդամները, որոնց հիմնական մասը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հակահայ թեւի ներկայացուցիչներ են, որոշում են կայացրել քանդել Թուրքիայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը հանդիսացող Շիրինջե գյուղի «Նիշանյանի տներ» շինությունը, որը բաղկացած է 16 տներից, որոնք կառուցված են գյուղական կոլորիտով եւ յուրօրինակ լուծումներով։ «Նիշանյանի տները» հանդիսանում են զոբսաշրջիկների հետաքրքությունների վայր եւ օգտագործվում են որպես իջեւանատուն-հյուրանոց։
«Այս գործողությունն ուղղված չէ անօրինական շինությունների քանդմանը։ Այն նպատակ ունի հասկացնել Նիշանյանին, որ նա իր տեղն իմանա։ Այն նպատակ ունի քանդել Նիշանյանի տները։ Բյուրոկրատական ուժը դուրս է եկել իր ափերից։ Իմ տների քանդումը ծածկելու համար ձեւական որոշում է կայացվել՝ քանդել նաեւ գյուղացիների կողմից իրենց տներին կից կառուցված հավելյալ շինությունները»,- ասել էր պոլսահայ գրողը։
Սեւան Նիշանյանը պնդել է, թե ինչ էլ լինի, առանց իրեն խփելու, ոչինչ չեն կարող անել։ «Եթե արյուն են ուզում, արյուն կհոսի։ Բյուրոկրատիան կարող է այս անգամ հաղթել, բայց ճակատամարտը երբեք չի հաղթի, քանի որ ժողովրդի դեմ են պայքարում»,-նշել էր Նիշանյանը։
Այս հայտարարություններից եւ ժողովրդի կողմից Նիշանյանին տրված աջակցությունից հետո նահանգապետարանը որոշում է կայացրել հետաձգել «Նիշանյանի տներ»-ի քանդումը։

































