Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել կապված այս գիշեր ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների մասին, որի հետեւանով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գեւորգյանը, մահացած:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի եւ տրամաչափի պարկուճներ:

Հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու եւ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը կրակոցներ են հնչել. ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանում. կա 1 զոհ, 8 վիրավոր (ֆոտո)