Տպավորություն է, թե Լիբիայի իրադարձությունները խնամքով ծրագրված եւ դրսից ներմուծված սցենար են: Այսօր՝ փետրվարի 26-ին մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Լիբիայում «կիպրական» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անի Ղազարյանը, ով հեղաշրջման ժամանակ չորս հայերի  թվում լքել էր Լիբիան:  

Նրա տպավորությամբ` Եգիպտոսի եւ Թունիսի իրադարձությունները ծրագրված էին, որպեսզի դրանց հետեւանքով ալիքը նաեւ Լիբիա թափանցեր:

Ղազարյանն ասել է, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, թե Եգիպտոսի եւ Թունիսի իրադարձությունները կկրկնվեն Լիբիայում, քանի որ այդ երկրում երբեք ընդդիմություն չի եղել: Նրա կարծիքով` արտաքին ուժերը լավ էին ուսումնասիրել  լիբացիների մենթալիտետն ու հոգեբանությունը եւ գիտեին «ինչի վրա խաղալ»: «Սկզբում ժողովուրդը չէր աջակցում ապստամբներին եւ սատարում էր Քադաֆիին, ոչ թե նրա համար, որ սիրում էին, այլ քանի որ նրա շնորհիվ երկրում կայունություն էր հաստատվել: Սակայն, երբ լուրեր տարածվեցին, թե Լիբիայում ժողովրդի դեմ են դուրս բերվել աֆրիկացի վարձկաններ, ժողովրդը մեջքով շրջվեց դեպքի Քադաֆին»,- իր կարծիքը հայտնեց Ղազարյանը:

Միժամանակ, ըստ նրա, իրավիճակի լարմանն արհեստականորեն նպաստում էր նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը` տարածելով չափազանցված  կամ չճշտված տեղեկություններ: «Հեռուստաընկերությունն ուղիղ եթերում անընդհատ կապ էր հաստատում լիբիացիների հետ, որոնք սեւ գույներով էին ներկայացնում իրավիճակը, բայց իրականում անգամ հարեւանները չէին կարողանում միմյանց հետ կապվել, ուր մնաց թե երկրից երկիր կապ գործեր»,-պատմեց Ղազարյանը: 

Լիբիայից վերդարձած մյուս հայը` բժշկական «Յունայթեդ» ընկերության մենեջեր Գեւորգ Աստվածատրյանը նույնպես հայտարարեց, թե իրավիճակը Լիբիայում արհեստականորեն էր սրվել, այդ թվում`«Ալ Ջազիրայի» կողմից:

«Պատմում էին Տրիպոլիի այս կամ այն մասում ռմբահարումների մասին, մինչդեռ  մարդիկ հանգիստ նստած էին սրճարաններում եւ սուրճ էին խմում: Ասում էին, թե անջատել են ինտերնետը, չկա հեռախոսակապ, մինչդեռ ես մինչեւ հիմա ինտերնետով շփվում եմ ընկերներիս հետ: Խոսում էին զանգվածային սպանությունների մասին, բայց դա չափազանցված էր»,-պատմեց Աստվածատրյանը:

 Ներկայումս երկիրը բաժանված է երկու մասի: «Բայց գնալով Քադաֆիի համար իրավիճակը ծանրանում է: Արդեն լուրեր են տարածվել, թե Քադաֆի կրտսերը հրաժարվել է հորից: Թեեւ կարծում եմ, որ նա ընկել է ապստամբների ձեռքը եւ ստիպված է եղել դա անել»,-կարծում է Աստվածատրյանը:

Ի դեպ, Աստվածատրյանն ու Ղազարյանը իրավիճակը կայունանալուց հետո հայտնել են նորից Լիբիա մեկնելու պատրաստակամության մասին: Լիբիան լքած մյուս երկու հայերը Մոսկավյում են, նրանցից մեկն, ի դեպ, Ռուսաստանի քաղաքացի է: