Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր չէ իր պաշտոնավարման մասին կանխատեսումներ անել։

«Ես ճիշտ չեմ համարում նման կանխատեսումների վրա ժամանակ կորցնել։ Այդ կանխատեսումների 99 տոկոսը չի իրականանում»,- փետրվարի 25-ին  հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքով, կառավարությունը «հետեւում է» իր աշխատանքի վերաբերյալ հասարակության կարծիքին։ Նա նշել է, որ հասարակության հետ երկխոսություն իրականացնել օգնում է նրա բլոգը, որը բնակչության շրջանում մեծ ճանաչում ունի։

Նրա խոսքով, մամուլը զգալի դեր է խաղում իր եւ կառավարության գործունեության մեջ։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ տարի առաջ՝ հունվարի 13-ին, բացել է իր http://tigransargsyan.livejournal.com բլոգը։ Այս փաստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ բլոգերների շրջանում։ Շատերը թերահավատորեն էին մոտենում սրան եւ կարծում էին, որ այս ամենը երկար չի տեւի, սակայն վարչապետի բլոգը գործում է արդեն մեկ տարի։

«Ինձ համար շատ կարեւոր է, որ դուք իմանաք՝ ինչպես եմ ես մտածում։ Ես շարունակելու եմ վարել այս բլոգը, քանի որ ձեզ տալու շատ հարցեր ունեմ։ Վստահ եմ, որ դուք էլ ինձ շատ հարցեր ունեք»,- հունվարի 13-ին իր բլոգում գրել է Տիգրան Սարգսյանը։