Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնից հեռացող Փիթեր Սեմնեբին վստահ է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ փոքր առաջընթաց է գրանցվել։
«Դրական պահեր, իհարկե, եղել են։ Օրինակ, 2008 թվականին՝ Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո բանակցային գործընթացն ակտիվացավ»,- փետրվարի 26-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։
Նրա խոսքով, ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ ԼՂ հակամարտության լուծմանը միտված ջանքերը։
«Մենք վստահ ենք, որ այդ ջանքերը նպաստել են լարվածության թուլացմանը, առանց դրանց իրավիճակն ավելի վատ կլիներ»,- ասել է Սեմնեբին։
Նշենք, որ սա Փիթեր Սեմնեբիի՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում կատարած վերջին այցն է։ Նա Բաքու մեկնել էր Երեւանից, ուր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։





























