Նյու Յորքում երդվյալների ժյուրին երկուշաբթի սկսել է մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանի գործով դատավճռի քննարկումը. նա առավել հայտնի է Էլ Չապո (Գաճաճ) անվամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երդվյալները լսել են մեղադրող կողմի ավելի քան 50 վկաների ցուցմունքները՝ 61-ամյա Գուսմանի գործունեության մասին պատկերացում կազմելու համար, որը ղեկավարել է «Սինալոա» կարտելը: Մեղադրանքի վարկածով՝ վերջին 20 տարում նրա ղեկավարությամբ ապօրինի ԱՄՆ է տեղափոխվել 200 տոննա կոկաին: Գուսմանին նաեւ մեղադրում են մյուս կարտելների հետ պայքարի ընթացքում սպանությունների ալիքին մասնակցության մեջ:

Գուսմանին, թերեւս, առավել մեծ հայտնիություն են բերել մեքսիկական բանտերից երկու փախուստները: Երեք տարի առաջ նրան կրկին ձերբակալել էին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան համարում է «աշխարհի ամենաազդեցիկ թմրավաճառը»:

Անցյալ շաբաթ եզրափակիչ ճառով հանդես եկած դատախազ Անդրեա Գոլդբարգը հայտարարել էր, որ Գուսմանը ծրագրել էր բանտից հերթական փախուստը, երբ 2017 թվականին նրան ԱՄՆ էին տեղափոխել, որտեղ նա պահվում է մենախցում:

Դատախազի խոսքով՝ Էլ Չապոն ցանկանում էր դարձյալ փախչել, «որովհետեւ մեղավոր է եւ չէր ցանկանում հայտնվել այն վիճակում, երբ ստիպված է լինելու իր հանցագործությունների համար պատասխան տալ»:

Գուսմանի փաստաբանները ներկայացրել էին միայն մեկ վկայի, սակայն պնդում են, որ մեղադրող կողմի վկաները ուռճացրել են Գուսմանի դերը՝ իրենց հանդեպ ներողամտության հասնելու ձգտմամբ: Փաստաբան Ջեֆրի Լիխտմանը դատախազների վարկածը «ֆանտազիա» է անվանել եւ երդվյալներին կոչ արել չհավատալ մեղադրող կողմի վկաներին, որոնք «ստում են, գողանում, խաբում, թմրանյութեր վաճառում եւ մարդկանց սպանում»:

Երդվյալների ժյուրիի մեջ են 7 կին եւ 5 տղամարդ, որոնց անունները անվտանգության նկատառումներով չեն հրապարակվում:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Գուսմանին սպառնում է ցմահ ազատազրկում: