Դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով  անցած տարի մասնակցում էր  «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին դրական կարծիք ունի «Եվրատեսիլ2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմիի մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ աշխարհահռչակ երաժիշտը:

«Թեպետ այդ աղջկա ուժը չգիտեմ եւ չեմ ուզում ավելորդ բաներ ասել, բայց ինչո՞ւ չպիտի հաջողություններ ունենա։ Թող գնա էլի, ջահել աղջիկ է, հիմա ի՞նչ է եղել։ Էմմին, եթե անգամ հաջողություններ չունենա, չի նշանակում, որ նա վատ երգչուհի է, որովհետեւ ցանկացած լավ երաժիշտ կարող է մասնակցել այդ մրցույթին եւ վարկաբեկված հետ գալ»,- ընդգծեց Ջիվան Գասպարյանը։

Իսկ ընդհանրապես, աշխարհահռչակ դուդուկահարը կարծում է, որ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է։ «Էդ սաղ առեւտուր ա։ Օրինակ անցած տարի Գերմանիայի ներկայացուցիչը վերջին տեղում էր, բայց հաղթեց։ Սա քաղաքականություն էր։ Ընդհանրապես չեմ կարծում, որ «Եվրատեսիլը» լուրջ մրցույթ է: Ավելին, նմանօրինակ մրցանակաբաշխությունները երաժշտության հետ ոչ մի կապ չունեն»։

Հարցին, թե հրավեր չի՞ ստացել՝ այս տարի եւս մասնակցել երգի միջազգային մրցույթին, Գասպարյանը պատասխանեց. «Եթե ստանամ էլ, չեմ գնա։ Մի տեղ, ուր ճշմարտություն չկա, գնամ ի՞նչ անեմ։ Մինչեւ իմ մասնակցության պահը չէի պատկերացնում, որ այնտեղ ճշմարտություն չկա»,- ամփոփեց հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Ջիվան Գասպարյանը «Եվրատեսիլ 2010»-ի ժամանակ նվագակցել էր Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասին, ով մրցույթի հանդես էր եկել  Apricot Stone երգով՝ գրավելով 7-րդ հորիզոնականը։