Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունել է Վիասֆեր Տեխնոպարկի հիմնադիր եւ ArmTech-2009 համաժողովի կազմակերպիչ Թոնի Մորոյանին: ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Թոնի Մորոյանը քննարկել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները եւ այդ ուղղությամբ կատարվող քայլերը:
Թոնի Մորոյանը նախարարին է ներկայացրել ArmTech-2009 համաժողովի նախապատրաստման աշխատանքները: Մորոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ին համակողմանկի օժանդակության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ArmTech-2009 երրորդ համաժողովը կայանալու է նոյեմբերի 5-8-ը Fairmont հյուրանոցում՝ Սան-Խոսեում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Միջոցառումը կանցնի Հայաստանի վարչապետի հովանավորությամբ, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի միջազգային մասնագետների, ամերիկյան սենատորների, կոնգրեսմենների, եւ Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության մասնակցությամբ: Համաժողովը նպատակ ունի կամուրջ դառնալ Հայաստանի եւ «Սիլիկոնային հովտի» միջեւ:




























