Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր՝  փետրվարի 28-ին, ժամը 12.30-ին տեղի է ունեցել բողոքի երթ` դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ:

Երթը սկիզբ է առել Տերյան 74 հասցեում գտնվող հիմնադրամի գրասենյակին հարող տարածքից:

Երթին մասնակցել են Հայաստանում գործող 40 երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի երիտասարդական կազմակերպություններից, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից, «Միասին» շարժումից:

Երիտասարդները 1988-1990թթ. հայերի դեմ կատարված կոտորածները դատապարտող հայտարարություն են ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներ:

Հիշեցնենք, որ 1988-1990 թթ. բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ծրագրավորված կերպով իրականացրին հայ բնակչության կոտորածներ, ոչնչացրին հայերին պատկանող գույքը: Ավելի քան 200 բնակարաններ հարձակման ենթարկվեցին, բազմաթիվ խանութներ ու արհեստանոցներ թալանվեցին: Ջարդերի ուղղակի եւ անուղղակի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր փախստական դարձան: Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ:

Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկումը եւ միջազգային հանրության ներողամտությունը, այն չդատապարտելը հանգեցրեց Ադրբեջանում իրադարձությունների հետագա վատթարացմանը, որի գագաթնակետը դարձսան 1990 թվականի հունվարի Բաքվի կոտորածները: