Շուրջ կես ժամ է` մեկնարկել է Ժողովրդական կուսակցության հանրահավաքը Մատենադարանին հարող տարածքում: Հանրահավաքի սկզբում մասնակիցներին բաժանվեցին կարմիր քարտեր, որոնց հակառակ կողմում գրված էր տերունական աղոթքը` «Հայր մերը»: Ինչպես եւ խոստացել էր Կարապետիչը` այսօր պետք է կարմիր քարտ ցույց տա իշխանություններին եւ պահանջի նրանց հրաժարականը:   

Քանի որ այսօր սումգայիթյան ջարդերի օրն է, վաղն էլ մարտիմեկյան դեպքերի տարելիցը, Կարապետյանը  խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Նա նաեւ նշեց, որ ի ուրախություն «կռացողների»` իշխանավորները այսօր կրկին փակել են ճանապարհները` մարզերի իրենց համակիրներին խոչընդոտելով մասնակցել հանրահավաքին: «Չնայած փակ ճանապարհներին, շատերը կարողացել են մասնակցություն ցուցաբերել մեր հանրահավաքին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում իրենց: Դուք ապացուցում եք, որ ժողովրդի դեմ խաղ չկա»,-հայտարարեց ԺԿ համակարգող Էմանուել Մարգարյանը: Նկատենք, որ ԺԿ այս հանրահավաքին նախորդից անհամեմատ ավելի քիչ մարդ է մասնակցում:

Հանրահավաքին մասնակցում են  ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Տիգրան Խզմալյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ  Տիգրան Կարապետյանի կողմից քանիցս առաջարկ է ստացել մասնակցելու իր հանրահավաքներին, սակայն այսօր է այդ հրավերն ընդունել, քանի որ վաղը մարտի 1-ն է եւ ժողովրդին ասելիք ունի: Սեֆիլյանը հավելեց նաեւ, որ վաղը իրենք նույն նպատակով մասնակցելու են նաեւ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին եւ կոչով դիմելու են ժողովրդին` համախմբվելու ընդդեմ բռնապետության: