Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես փակել են Տիբեթում Էվերեստի բազային ճամբարը զբոսաշրջիկների համար կուտակված աղբը մաքրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով South China Morning Post-ին:

Նշվում է, որ սովորական զբոսաշրջիկները կկարողանան այցելել միայն Ռոնգբուկ վանքի շրջանները, որոնք տեղակայված են ծովի մակարդակից շուրջ 5 հազար մ բարձրության վրա:

5.2 հազար մ բարձրության վրա գտնվող բազային ճամբար հնարավոր կլինի բարձրանալ հատուկ թույլտվությամբ, որի քանակը սահմանափակ է: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ թույլտվություն ստացած լեռնագնացների համար կգործեն շրջակա միջավայրի պահպանության ավելի խիստ կանոններ. նրանք, մասնավորապես, պետք է մաքրեն իրենց կուտակած ողջ աղբը: Ընթացիկ տարում նախատեսվում է տրամադրել հատուկ թույլտվություն 300 լեռնագնացներին:

Կուտակված աղբը հավաքելու համար նախատեսվում է ձեւավորել 200 հոգանոց խումբ, նշում է թերթը:

Ըստ պարբերականի տվյալների՝ վերջին ութ տարիների ընթացքում Տիբեթի կողմից Էվերեստ է բարձրացել շուրջ 20 հազար մարդ ավելի քան 40 երկրներից: