Նյու Յորքում 86 տարեկանում կյանքից հեռացել է Լի Ռաձիվիլը՝ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդիի կրտսեր քույրը, հաղորդում է Daily Mail-ը:

Քերոլայն Լի Բուվյե Քենֆիլդ Ռաձիվիլ Ռոսը հայտնի է ոչ միայն որպես Ջոն Քենեդիի կնոջ կրտսեր քույր: Նա 1953 թվականին ամուսնացել էր ամերիկյան խոշոր հրատարակիչ Քաս Քենֆիլդի որդու հետ: Զավակներ չունենալու պատճառով վեց տարի անց նրանք ամուսնալուծվել էին:

Այդ տարի՝ 1959 թվականին, Քերոլայնն ամուսնացել էր՝ այս անգամ լեհ իշխան Ստանիսլավ Ալբրեհտ Ռաձիվիլի հետ: Չնայած նրանց միջեւ 19 տարվա տարբերության՝ նրանց ընտանիքում երկու երեխա ծնվեց: Հատկանշական է, որ նրա առաջին ամուսնությունը լուծարվել էր հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից  միայն 1962 թվականի նոյեմբերին:

1988 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է երրորդ անգամ՝ ամերիկացի ռեժոսոր Հերբերթ Ռոսի հետ, ում ֆիլմերն արժանացել էին երկու «Ոսկե գլոբուսների» եւ երկու անգամ առաջադրվել «Օսկար» կինոմրցանակի: Նրանք ամուսնալուծվել են 2001 թվականին՝ Ռոսի մահից կարճ ժամանակ առաջ:

Լին դերասանուհի էր, գրող եւ ինտերյերի դիզայներ: Նրա ամենամտերիմ ընկերներից էր Chanel-ի գեղարվեստական տնօրեն Ջիլ Դյուֆուրը: