Իռլանդիայի բնակիչը, որի անունը չի նշվում, հանրապետության պատմության մեջ EuroMillions վիճակախաղի խոշորագույն շահումի՝ ավելի քան 175 մլն եվրոյի հաղթող է դարձել: Այս մասին հայտնել է Ազգային վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Դոնոխյուն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հսկայական շահումը տոմսը շահողի համար շոկ կլինի», - չորեքշաբթի BBC-ին ասել է նա: Սա Իռլանդիայի ներկայացուցիչների թվով 14-րդ շահում է, սակայն ներկայիս շահումը երկրի համար ռեկորդային է, ասել է Դոնոխյուն:
Խոշորագույն ջեքփոթի նախորդ հաղթողը Լիմերիկից Դոլորես Մաքնամարան էր, որը 2005 թվականին 115 մլն եվրո էր շահել:
Ազգային վիճակախաղի գլխավոր տնօրեն Դերմոտ Գրիֆինն, իր հերթին, վիճախակաղի մասնակիցներին խորհուրդ է տվել շտապ ստուգել տոմսերը եւ շահումի դեպքում, հակառակ կողմից ստորագրել տոմսը, պահել այն եւ կապ հաստատել Ազգային վիճակախաղի գրասենյակի հետ, որտեղ հաղթողին կտեղեկացնեն հետագա քայլերի մասին»:
Հունվարին Հյուսիսային Իռլանդիայից զույգը (Բրիտանիայի թագավորության մաս)՝ Ֆրենսիս եւ Պատրիկ Կոնոլիները, մոտ 150 մլն եվրոյի ջեքփոթ էին շահել: Սա EuroMillions-ի մեծությամբ 4-րդ շահումն է եւ խոշորագույնը Հյուսիսային Իռլանդիայում:
Թագավորության պատմության մեջ ամենամեծ շահումը՝ 160 մլն ֆունտը (223մլն դոլար) 2011 թվականին ստացել է Շոտլանդիայից զույգը՝ Քոլին եւ Քրիս Վեիրները:
Ամեն տարի ամուսիններն այդ գումարից 1 մլն ֆունտ ուղղում են տարածաշրջանում իշխող Շոտլանդական ազգային կուսակցությանը: 1 մլն ֆունտ նրանք փոխանցել են «Պարտիկ Տիսլ» ֆուտբոլային ակումբին: Թիմն այսպիսով հնարավորություն է ունեցել փակել պարտքերը եւ սպորտային կենտրոն բացել երիտսարդ ֆուտբոլիստների պատրաստման համար:
EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից: Սկզբում Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում, հետագայում Ավստրիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում եւ Լիխտենշտեյնում: Վիճակախաղի կանոնների համաձայն, հաղթողն իրավունք ունի անանուն մնալ, ինչը նախընտրում է անել եվրոպացիների մեծամասնությունը, որոնք մի ակնթարթում խոշոր գումարների սեփականատերեր են դառնում:




























