Կոալիցիոն հուշագրի ստորագրումից տուժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անուղղակի տուժեց Հանրապետական կուսակցությունը, տուժեց նաեւ Դաշնակությունը, շահեց միայն Հայ ազգային կոնգրեսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 1-ին հայտարարեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք, որպես կուսակցություն, գոյություն չունեն:
Արմեն Բադալյանը մանրամասնելով իր խոսքը` նշեց, թե ԲՀԿ-ն տուժեց հուշագրի ստորագրումից, քանի որ հուշագրում նշվում է, որ ընտրությունների արդյունքները չեն փոխվելու եւ գալիք խորհրդարանում կուսակցությունն ունենալու է նույն համամասնությունը: «Այսպիսով, չկա այն խթանը, որը ԲՀԿ-ի ընտրազանգվածին կշահագրգռեր ձայն տալ այդ կուսակցությանը»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ն լիդերային կուսակցություն է, որի ղեկավարին հասարակությունն ընկալում էր որպես հաջողակ գործարարի, ով կարող է իր հետեւից որոշակի ընտրազանգված տանել: Սակայն այդ կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց ընկալվել որպես իշխանություններին այլընտրանք, եւ իր վրա վերցնել ընդիմադիր ուժ լինելու առաքելությունը:
Ասուլիսին ներկա հրապարակախոս Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց իր ընդդիմախոսի հետ` նշելով, թե ԲՀԿ-ն չի տուժել հուշագրից: «ԲՀԿ-ն ի զորու չէ հանդես գալ որպես բեւեռային կուսակցություն, որն իր վրա կվերցնի ընդդիմադիր կուսակցության ֆունկցիաները, քանի որ այդ կուսակցությունը տիրապետում է տնտեսական լծակների: Իսկ այդպիսի լծակների տիրապետող ուժը չի կարող հանդես գալ ընդդիմադիր զանգվածի կարգավիճակով»,-նշեց նա:
Սեդրակյանը նաեւ նկատեց, որ ԲՀԿ-ն, որպես լիդեր-կուսակություն չէր կարող հաջորդ ընտրություններում հաջողություն արձանագրել, եթե զրկվեր իշխանական աջակցությունից: Իսկ դա տեղի կունենար, եթե այդ ուժը հրաժարվեր ստորագրել հուշագիրը: «Այնպես որ` ԲՀԿ-ն շատ մեծ բոնուսային քարտ ստացավ`ստորագրելով հուշագիրը»,-ընդգծեց Սեդրակյանը:




























