ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի հայկական համագումարի եւ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում փետրվարի 28-ին կազմակերպել էր Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում,:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր եւ ամերիկացիներ: Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է փաստավավերագրական կինոժապավեն 1988-ի փետրվարին Սումգայիթում եւ 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանության մասին:
Միջոցառումը բացեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փալոնը, որ իր ելույթում դատապարտելով Սումգայիթի եւ Բաքվի կոտորածները, որակեց տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն եւ կոչ է արել շարունակել աջակցությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին այս հարցում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, իր ելույթում կարեւորել է ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների եւ հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:
ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, շեշտել է որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերեւս չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները: Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան եւ կդատապարտվեն մարդկության կողմից: Սումգայիթյան ոճրագործությունը իրենց ելութներում դատապարտեցին նաեւ կոնգրեսականներ Աննա Էշյուն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը եւ ուրիշներ:





























