Պնդումները, թե Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի հողերը ոռոգվում են կոյուղաջրերով, խիստ չափազանցված են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանը։

«Եթե այդ գյուղը մեկ-երկու ժամով խմելաջուր է ստացել մինչեւ վերջերս, այդ 1-2 ժամվա ընթացքում խմելու ջրում ի՞նչ կոյուղաջուր պետք է գնար, որ լցվեր մայր ջրանցք ու գնար հեկտարներով հող ոռոգեր, դա տոկոս չի կազմել»,–նշեց նա։ 

Աշոտ Հովհաննիսյանը նշեց՝ մայր ջրանցքով հոսող ջրում կոյուղաջուրը չէր կարող այդ ջրի որակի վրա ազդեցություն ունենալ։

Նա մանրամասնեց՝ Մյասնիկյան համայնքի կոյուղաջրերը կառուցվել են դեռեւս 80–ական թվականներին կամ ավելի շուտ եւ հիմա փորձում են խնդրին լուծում տալ։ 

«Մարզպետարանում միշտ այդ հարցը բարձրացվում է, հիմա միջոցներ ենք ձեռք առնում, որ կարողանանք այլընտրանք գտնել։ Բանակցում ենք «Վեոլա ջուր» ընկերության հետ, որը սպասարկում է միայն համայնքի խմելաջրերի ցանցը, բայց կոյուղին չի սպասարկում, սպասարկում է համայնքապետարանը։ Բանակցությունների պայմաններից մեկն այն է, որ այլընտրանք գտնենք, որ կոյուղաջրերը մայր ջրանցք չլցվեն»։

Ընդ որում, Աշոտ Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ համայնքը չէ, որ կոյուղի ունի. «Կոյուղի չունեն նոր թաղամասերը, կենտրոնացված կոյուղի ունեն 80–ական թվականներին կառուցված բնակարանները։ Խիստ չափազանցված են այն պնդումները, թե համայնքի հողերը ոռոգվում են կոյուղաջերերով»։

Նա կարծիք հայտնեց, որ շուտով այդ հարցը կլուծվի։     

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը նաեւ շեշտեց՝ Բաղրամյան համայնքի կոյուղաջրերը ջրանցք չեն լցվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ԷկոԼուրն» ահազանգ էր տարածել, որ կոյուղին խցանվել է, եւ Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից  լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ։

«Քանի որ օրերը տաքացել են, եւ ջրանցքում էլ բացի կոյուղաջրերից այլ ջուր չկա, ահավոր գարշահոտություն է տարածվում շրջակայքում», - ասաց բնակիչը: Նա նշեց, որ արդեն շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում: Ըստ նրա` կոյուղաջրերը ջրանցք են լցվում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ հատվածի հարեւանությամբ, Հացիկ (Նաիրի) գյուղի մոտ: «Բաղրամյանի նախկին շրջանի  մուտքի հարեւանությամբ գտնվող հուշարձանի մոտ է գտնվում  վթարային վիճակը»,–հայտնել էր ահազանգող քաղաքացին։