ԱՄՆ ազգային տիեզերական գործակալությունը (NASA) պաշտոնապես հավանություն է տվել օդաչուով թռիչքների համար SpaceX-ի նոր տիեզերական կապսուլայի փորձարարական արձակմանը՝ հայտնում է DW-ն՝ հղում կատարելով NASA-ին։
Նշվում է, որ դեպի Միջազգային տիեզերական կայան Crew Dragon-ի թեսթային արձակումը տեղի կունենա շաբաթ օրը, մարտի 2-ին եւ կանցկացվի անօդաչու ռեժիմով։ Գործակալությունում նշել են, որ կապսուլայի փորձարկումը վտանգ չի ներկայացնի ՄՏԿ-ում գտնվող անձնակազմի համար։
Եթե արձակումը հաջող անցնի, ակնկալվում է, որ տիեզերանավը ՄՏԿ կհասնի մարտի 3-ին եւ այնտեղ կմնա մինչեւ մարտի 8-ը, որից հետո կվերադառնա երկիր։
Նոր կապսուլան համարվում է SpaceX ընկերության արտադրած Dragon բազմանգամյա տիեզերանավի կատարելագործված տարբերակը։ 2019թ․ NASA-ն ծրագրում է իրականացնել Crew Dragon-ի արձակումը՝ անձնակազմով։
Իլոն Մասկի կողմից հիմնադրված SpaceX ընկերությունը Boeing-ի հետ միասին մասնակցում է NASA-ի Commercial Crew Program-ին, որի նպատակը տիեզերագնացներին տիեզերք փոխադրելն է։




























