Գյուղատնտեսական ապահովագրության իրականացման համար մանրամասն ուսումնասիրություն է կատարվել՝ հաշվի է առնվել գյուղացիների վճարունակությունը, մարդկանց պահանջներն ու ցանկությունները, ինչպես նաեւ իրական ռիսկերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ նախնական կարկուտից ապահովագրելու համար ընդհանուր արժեքը 1 հեկտարի դիմաց 50 հազար է կազմում, որի 50 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ վերջնական արժեքը Բյուրոյի ձեւավորումից եւ մասնավոր ապահովագրական ընկերությունների փաթեթները վաճառելիս պարզ կլինի։ «Հիմա Բյուրոն գրանցվում է, պետռեգիստրում է գտնվում։ Բյուրոյի ստեղծումից հետո հնարավորություն կտրվի մասնավոր ապահովագրական ընկերություններին իրենց պրոդուկտը մշակել»,–հայտնել է նա։

Նախարարի առաջին տեղակալի կարծիքով՝ մոտ 2-3 ամիս անհրաժեշտ կլինի մասնավոր ընկերություններին, որպեսզի վերջնական պրոդուկտը  ներկայացվի գյուղացիներին։

Գեղամ Գեւորգյանը համոզված է՝ չպետք է շտապողականություն դրսեւորել, քանի որ ծրագիրն առաջին անգամ է իրականացվում. «Սա պիլոտային ծրագիր է, պետք է զգույշ լինենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի հաջողություն գրանցենք»,–եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր իրականացնելու մասին։

Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:

Փորձնական ծրագրի ընթացքում KFW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո եւ նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

Ծրագրի շրջանակում կստեղծվի «Նարմա» բյուրոն, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների եւ բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը: