Ուկրաինացի զինվորական կանայք վրդովվել են Ուկրաինայի Զինված ուժերի «Արեւմուտք» օպերատիվ հրամանատարության խոսնակ Անատոլի Պրոշինի «սեքսուալ» գովազդից, տեղեկացնում է ՖԱՆ-ը։

Պրոշինի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում պատկերված են սեքսուալ հագնված կանայք, որոնք զենք են կրում։ Ֆոտոսեսիան Պրոշինը կոչել է «զորահավաքի պրոմոակցիա»։

«Ստորագրիր պայմանագիր՝ ստացիր բոնուս։ Մենք քեզ սպասում ենք»,- գրել է նա։

Վառ արտահայտված սեքսուալ ենթատեքստ ունեցող կանանց լուսանկարները իսկական սկանդալ են առաջացրել։ Այդքան սեքսուալ գովազդը զայրացրել է, նախ, ուկրաինացի կին զինվորականներին։

Պրոշինի հասցեին քննադատությամբ հանդես է եկել ուկրաինացի լրագրող Օլգա Րեշետիլովան։ Նա բարձրաստիճան զինվորականին անվանել է «ալֆա որձակ», որը «չի կարող զսպել իր սեռական երեւակայությունն անգամ փետրվարի 23-ին»։ Րեշետիլովան ընդգծել է, որ Անատոլի Պրոշինը ֆեյսբուքյան իր ընկերը չէ, իսկ լուսանկարներն իրեն ուղարկել են կին զինծառայողները։

«Սեռական բռնություն բանակո՞ւմ։ Ոտնձգություննե՞ր։ Գենդերային խտրականությո՞ւն։ Չէ, չենք լսել»-, ասել է լրագրողուհին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի գենդերային քաղաքականության հարցերով կառավարական հանձնաժողովում անհրաժեշտ է Պրոշինի հետ դաստիարակչական զրույց վարել։

Նշենք, որ ՈւԶՈւ-ում ծառայում է 55 հազար կին։ 2018 թվականի հոկտեմբերին Գերագույն ռադան հավանություն տվեց բանակում տղամարդկանց եւ կանանց իրավունքները հավասարեցնող օրինագծին։ Հիմա կանայք կարող են ծառայել բանակում պայմանագրով, բացի այդ, օրենքը չեղարկել է կանանց զորակոչի սահմանային տարիքը։ Լուգանսկի հանրապետությունում ասել են, որ այդ օրինագծի ընդունումը կապված է զորակոչվող ռեսուրսի անբավարարության հետ, ինչը պայմանավորված է ՈւԶՈւ մեծ կորուստներով։