BMW ավտոարտադրողը համաձայնել է վճարել 8,5 մլն եվրո տուգանք որոշ ավտոմեքենաների վրա ոչ միտումնավոր գազի արտանետման չթույլատրված վերահսկման սարքեր տեղադրելու համար։ Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով Մյունխենի դատախազության տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դատախազությունը գործ է հարուցել ընկերության դեմ 2018 թվականի սկզբին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 7,6 հազար BMW 750xd եւ M550xd ավտոմեքենաների վրա տեղադրված մեխանիզմների աշխատանքի անհամապատասխանության մասին։ Ավտոարտադրողը անմիջապես նշել է, որ ծրագրային ապահովմամբ միտումնավոր չի մանիպուլացրել եւ չի խաբել գնորդներին։ Վերահսկման սարքն աշխատել է խափանումներով՝ դեֆեկտի պատճառով, նշել են BMW-ում։ Քննիչները ընկերության ասածի մեջ կասկածելու հիմքեր չեն գտել եւ նշանակել են տուգանք, իսկ կոնցեռնը իր կողմից որոշել է չվիճարկել այն, տեղեկացնում է DPA-ն։

Անցած տարիները նշանավորվել են աղմկալի մերկացումներով դիզելային ավտոների շուրջ. դիզելային սկանդալի կենտրոնում Volkswagen ավտոհսկան էր։ 2015-ին պարզվեց, որ կոնցեռնի ավտոմեքենաները զինված են եղել ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տվել իջեցնել վնասակար նյութերի պարունակության ցուցանիշները արտանետվող գազերում՝ ստուգիչ չափումների ժամանակ։ Այս համակարգի շնորհիվ ամեն բան այնպես էր երեւում, ասես ավտոմեքենան համապատասխանում է ընդունված նորմերին։ Իսկ իրականում դրանք քանիցս գերազանցել են օդի աղտոտման սահմանված շեմը։