Եթե մենք այսօր նախաձեռնենք դասագրքերի փոխման գործընթաց, ապա լավագույն դեպքում դրան կհասնենք մեկ տարի անց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը։
«Հայաստանի Հանրապետությունում կրթությունը չափորոշիչահեն է, դա նշանակում է, որ դասավանդման եւ ուսումնառության ցանկացած նյութի համար, որ մշակվում է, հիմք պետք է հանդիսանան չափորոշիչներն ու առարկայական ծրագրերը։ Դասագրքերի պատրաստումն իրականցվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով, կա նաեւ փորձաքննություն անցնելու գործընթաց, որը բավականին ֆորմալ է եղել մինչ այս, քանի որ դասագրքերը ուղարկվել են դպրոց, ապա նոր են Կրթության ազգային ինստիտուտին ասել, որ դասագրքերը պետք է փորձաքննության ենթարկեն։ Հիմա դա էլ է փոխվում»,– նշեց Արեւիկ Անափիոսյանը։
ԿԳ փոխնախարարի խոսքով՝ բյուջեի անտեղի վատնում կլինի այժմ դասագրքերի փոփոխման գործընթաց սկսելը, եթե պետք է փոխվեն չափորոշիչները. «Մենք բավականին մեծ ռեսուրս են ծախսելու, 5 տարով տպենք մի դասագիրք, որը մյուս տարի մեզ կարող է պետք չլինել։ Այսինքն՝ եթե մենք հիմա սկսենք դասագիրք մշակել, եկող տարի չափորոշիչները փոխված կլինեն եւ դասագրքերը արդիական չեն լինի»։
Նրա խոսքով՝ մշակվելու են նաեւ 5-12-րդ դասարանների համար բոլոր առարկայախմբերի դասավանդման ու ուսումնառության նյութերը. «Երբ չափորոշիչներն փոխվեն, կփոխվեն նաեւ դասավանդման ու ուսումնառության նյութերը»։ Արեւիկ Անափիոսյանը հավելեց, որ չափորոշիչների փոխվելուց հետո վարկային ծրագրով դասավանդման եւ ուսումնառության նյութերը նույնպես կփոխվեն: Դրա համար, նրա փոխանցմամբ, խնդիրն իմանալով` դասագրքերի փոփոխության գործընթացը չեն սկսում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւս կարծիք հայտնեց՝ դեռեւս դասագրքերի մասին մտածելու ժամանակը չէ. «Կարծում եմ՝ կարեւոր մի խնդիր կա, որ պետք է լուծել. 2003-04թթ. Հայաստանում տեղի ունեցավ մի կարեւոր գործընթաց, որը անկախության տարիների ամենալուսավոր կետերից մեկն է` Հայաստանում առաջին անգամ մշակվեց կրթակարգ: Կրթակարգն այն է, որ մինչեւ առանձին առարկաների մասին մտածելը փորձում ես փոխկապակցված, կուռ տրամաբանությամբ ձեւակերպել, թե ինչ ես ուզում, որ դպրոցներում երեխաներին սովորեցնեն»։
Նրա համոզմամբ՝ երբ հարցը թողնում ենք առարկաների մասնագետներին, մեջտեղ է գալիս ակադեմիական էգոիզմը. «Ամեն մասնագետ որոշում է, որ հենց իր առարկան ու դասագիրքը պետք է ամենաշատ ժամերն ու բովանդակությունը ստանա, եւ հենց այդտեղ սկսվում են միջոլորտային կռիվները, ժամ փախցնել եւ այլն։ Իսկ եթե կրթակարգ են ստեղծում, այն պետք է է լինի ոչ ավելի, քան տասը էջը, բայց փաստաթղթի ամեն մի նախադասությունը պետք է հասունացնել, որ դառնա այն միավորող բանը, որ շատ կարեւոր է այս պահին ունենալ մեր կրթության հիմքում»։
Փորձագետի համոզմամբ՝ որպեսզի արդյունավետ կրթակարգ ունենաս, պետք է ունենաս մարդկանց մի խումբ, որ այնքան են միմյանց հետ քննարկումներ արել, հասունացրել են որոշակի գաղափարներ. «Հայաստանում նման պրոցեսները տեղի չեն եղել, ամեն մեկն առանձին գրել է իր դասագիրքը: Ընդ որում, 2015-2016 թվականներին մի խումբ ստեղծվեց չափորոշիչների վրա աշխատող, ափալ-աթալ մի բան գրեցին, ու ինչ-որ իմաստով լավ եղավ, որ չընդունվեց»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանն էլ կարծում է, որ անիմաստ է փոխել դասագրքերը, եթե հասկանալի չէ՝ ինչ բովանդակության համար են փոխվում դրանք եւ ինչի են ծառայելու։
Նրա համոզմամբ՝ ժողովրդավարության առումով լուրջ փոփոխությունների կարելի է հասնել միայն հասարակագիտական առարկաներում լուրջ փոփոխություններ իրականացնելու միջոցով։ Իսկ դա վերաբերում է ոչ միայն դասագրքերին եւ չափորոշիչներին, այլեւ դասավանդման մշակույթին, պրոեկտային ուսուցմանը։





























