ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին աշխատակցուհի Ալվա Ջոնսոնը երկրի ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացրել այն բանի համար, որ նա առանց իր համաձայնության իրեն համբուրել է 2016թ․ օգոստոսին՝ գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով հենց Ջոնսոնին եւ նրա հայցի պատճենին։
Ջոնսոնի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել 2016թ․ օգոստոսի 24-ին Թրամփի նախընտրական հանրահավաքից հետո։ Նա բռնել է իր ձեռքը եւ բռնությամբ համբուրել շուրթերը՝ պնդում է կինը։ «Ես միանգամից ինձ վիրավորված զգացի, քանի որ չէի սպասում եւ չէի ուզում դա։ Ես մինչ այժմ տեսնում եմ՝ ինչպես են նրա շուրթերը մոտենում իմ դեմքին»,- WP-ին ասել է Ջոնսոնը։ Միջադեպը նա անվանել է «սուպեր-սոսկալի եւ անտեղի»։
Ջոնսոնը պահանջում է իրեն փոխհատուցում վճարել «բարոյական վնասի եւ զգացմունքային տառապանքների» համար։ Բացի այդ, աֆրոամերիկուհին համարում է, որ ինքը խտրականության զոհ է դարձել՝ հայտնում է РБК-ն։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ԱՄՆ նախագահի դեմ մեղադրանքներն անհեթեթություն է անվանել, իսկ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Քեյլի ՄաքԷնանին խտրականության մասին հայտարարությունը համարել է անհիմն։



























