Վրաստանի ՆԳՆ-ն մշակել է օրենքի նախագիծ, որը, որպես պատիժ, անորոշ ժամկետով կալանավորում է նախատեսում անչափահասներին բռնաբարողների հանդեպ։ Այս մասին հայտնել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին՝ հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Նա նշել է, որ նախագիծն արդեն ներկայացվել է կառավարությանը, եւ առաջիկայում կուղարկվի խորհրդարան՝ հաստատման։

Անորոշ ժամկետով կալանավորման հետ մեկտեղ, օրենքի ՆԳՆ նախագիծը նաեւ նախատեսում է «բռնաբարություն», «սեքսուալ բնույթի այլ գործողություններ», «անառակաբարո գործողություններ» հոդվածներով դատապարտվածների տվյալների բազայի ստեղծում։

Պատժի խստացման հիմնական պատճառը նման հանցագործությունների աճի վիճակագրությունն է։ Այսպես, հունվարի տվյալներով, սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ հանցագործությունները աճել են 41,18 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով, 2018թ․ ընթացքում անչափահասների հետ կապի համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 116 մարդ, որոնցից 4-ը՝ բռնաբարության, 24-ը՝ անառակաբարո գործողությունների, 86-ը՝ երկուստեք համաձայնությամբ անչափահասի հետ սեռական հարաբերությունների համար։ Եւս երկուսին մեղադրել են «սեռական բնույթի այլ գործողությունների» մեջ։